Քիմիաթերապիան կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար կարող է պարտադիր չլինել․ իսրայելցի գիտնականներ
Վաղ փուլում կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման նոր համակարգի շնորհիվ հնարավոր է հրաժարում քիմիաթերապիայից։ Իսրայելցի գիտնականները 1365 իսրայելցի կանանց մասնակցությամբ հետազոտություն են անցկացրել։ Ինչպես պարզվել է, համարյա բոլոր կանանց մոտ հիվանդության հետընթաց է եղել, թեեւ նրանցից ոչ մեկը վիրահատությունից հետո քիմիաթերապիա չի անցել։ Մահացության մակարդակը կազմել է 0,7 տոկոս։
Բեյլինսոնի բժշկական կենտրոնի պրոֆեսոր Սողոմոն Շտամերի կարծիքով՝ հետազոտությունը հստակ ցույց է տվել, որ եթե կրծքագեղձի քաղցկեղը հայտնաբերվել է վաղ փուլում, կանանց մեծ մասի դեպքում քիմիաթերապիայից կարելի է խուսափել։
Ինչպես նշում է «Ռոսիյսկայա գազետան», սովորաբար առաջին եւ երկրորդ փուլում քաղցկեղի հայտնաբերման ժամանակ ուռուցքի հեռացումից հետո նշանակվում է քիմիաթերապիայի մի քանի ցիկլ, որպեսզի վիրահատության ժամանակ չհեռացված քաղցկեղային բջիջները ոչնչացվեն։ Սակայն նոր պրակտիկան ցույց է տալիս, որ հիվանդությունը կարելի է բուժել բացառապես վիրահատական ճանապարհով՝ առողջացման ավելի քան 90 տոկոս հավանականությամբ։
Իսրայելցի մասնագետները Oncotype DX մեթոդի օգնությամբ ուռուցքի հետազոտություն են անցկացնում։ Այն 21 գենի անալիզի արդյունքով ուռուցքի մոլեկուլյար պրոֆիլն է ցույց տալիս։ Կատարվում է 1-ից 100 բալային համակարգով քաղցկեղի գնահատում եւ որոշվում է հիվանդության վերսկսման վտանգի մակարդակը։ 25 եւ ցածր գնահատականով յուրաքանչյուր պացիենտի խորհուրդ է տրվում հրաժարվել քիմիաթերապիայից։