Իտալիայի Բրինդիզի քաղաքում 54 000 մարդ տարհանվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ռումբի պատճառով
Շուրջ 54 000 մարդ է տարհանվել իտալական Բրինդիզի քաղաքում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ռումբի պատճառով, հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով տեղական իշխանություններին:
Համաձայն տեղական ԶԼՄ-ների տեղեկությունների՝ այդ գործողությունը համարվում է բնակչության խոշորագույն տարհանումը խաղաղ ժամանակաշրջանում Իտալիայի ողջ պատմության ընթացքում:
Վտանգավոր «կարմիր գոտուց» տեղափոխել են քաղաքի բնակչության շուրջ 60 տոկոսին:
Ենթադրվում է, որ բրիտանական արտադրության ռումբն արձակվել էր քաղաքում 1941 թվականին եւ պարունակում է 40 կգ դինամիտ: Այն պատահաբար է հայտնաբերվել կինոթատրոնի վերականորոգման ժամանակ:
Տարհանման շրջանակում փակվել են նաեւ օդանավակայանը, երկաթգծի կայարանն ու բանտը:
Ռումբի վնասազերծումը խոստացել են ավարտել հնարավորինս սեղմ ժամկետում: