Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծին սպանողը ոստիկան է (Լուսանկարներ)
Ոստիկանությունում օպերատիվ տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչ Խորեն Մուրադյանի տանը կա Կարմիր գրքում հաշվառված Բեզոարյան այծի գլուխ՝ իր մորթիով, հաղորդում է Shamshyan.com կայքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, համատեղ ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է Բեզոարյան այծի գլուխը՝ իր մորթիով։ Ոստիկանները պարզել են, որ Վեդի քաղաքի բնակիչ՝ 24-ամյա Էդգար Սարգսյանը դեկտեմբերի 11-ին, ժամը 15։00-ի սահմաններում Դաշտաքար գյուղից մոտ 2 կմ հեռավորության վրա գտնվող «Կոթոբուլախ» կոչվող վայրում իրեն պատկանող «Վեպր 5.45» տեսակի ակոսափող հրազենով կրակել է Բեզոարյան այծի ուղղությամբ, այնուհետև մորթել, մաշկել և տեղափոխել տուն։ Է. Սարգսյանն, ով աշխատում է ոստիկանության Արարատի բաժնում և ՊՊԾ դասակի ոստիկան է, նա հաջորդ օրն իր վարած ВАЗ 2107 մակնիշի 36 AV 676 համարանիշի ավտոմեքենայով Բեզոարյան այծը տեղափոխել է Ազատավան գյուղի բնակիչ Խ. Մուրադյանի տուն՝ մշակելու նպատակով։
Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։