Ինձ չեն ձերբակալում և չեն ձերբակալել. Ռուբեն Հայրապետյան (Տեսանյութ)
Ինձ չեն ձերբակալում և չեն ձերբակալել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, իր առանձնատան առջև հավաքված լրագրողներին ասել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, Ազգային ժողովի հանրապետական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը։
Նշենք, որ այսօր՝ վաղ առավոտից ոստիկանության հատուկ ջոկատայինները խուզարկություններ են իրականացրել Հայրապետյանի տանը։
Նախ նա նշել է, որ լրագրողների ոչ մի հարցի չի պատասխանելու. «Ինձ չեն ձերբակալում և չեն ձերբակալել, իզուր տեղը մի կանգնեք։ Գնացեք Արմեն... Արմեն Նիկողոսյանին էդ մատնաչափիկներին...»։
Նա անպատասխան է թողել հարցը՝ արդյոք ՀՖՖ-ի հե՞տ են կապված այդ խուզարկությունները։
Հարցին՝ արդյոք իրավապահները ինչ-որ բան գտե՞լ են իր առանձնատանը, Հայրապետյանը պատասխանել է. «Հա, մի հատ «Սու35» սամալյոտ են գտել... ինքնաթիռ, մի հատ «Տ90 տանկ», մի քանի հատ էլ «ԲՏՌ» ու «ԲՄՊ»։ Համբերեք, էսօր երեկոյան ամեն ինչ կլսեք»։ Հարցին՝ արդյոք ինքը ասուլի՞ս է հրավիրելու, Ռուբեն Հայրապետյանը դրական պատասխանեց. «Գնացեք, իզուր մի տանջվեք»։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահը «Ազատությանն»-ն ասել է՝ չգիտի, թե ինչ են իրավապահները փնտրում իր տանը: Նա հորդորել է հարցնել նրան, ով «պատվերն իջացրել է»:
Իրավապահներն այսօր խուզարկություն են իրականացնում Հայրապետյանի տանը, Ոստիկանությունն առայժմ չի հայտնում, թե ինչ գործի շրջանակում: