Գյումրեցի գործարար Գարիկ Ուզունյանին մեղադրանք է առաջարդվել. նա կալանավորվել է
Գյումրեցի գործարար Գարիկ Ուզունյանին՝ Շեկոյին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258 հոդվածի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից)։
Դատախազը միջնորդություն է ներկայացրել դատարանին՝ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է:
Նույն գործով որպես կասկածյալ ներգրավված եւ ձերբակալված երկրորդ անձին՝ Զոհրաբ Եսիմսեյտովին նույնպես առաջադրվել է մեղադրանք ՀՀ ՔՕ 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշերով (Խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից): Դատախազը միջնորդություն է ներկայացրել դատարանին նաեւ երկրորդ անձի խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանի ընկերոջ հաղորդման հիման վրա խուլիգանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում դեկտեմբերի 10-ին ձերբակալվել էր նաեւ միջադեպի մյուս մասնակից 23-ամյա երիտասարդը, որը Գյումրու բնակիչ է։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում էր կատարել, ըստ որի՝ Գյումրիում երկու հոգի խփել էին ընկերոջը եւ սպառնացել, որ հաջորդը ինքն է լինելու։ Կատարվածի վերաբերյալ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել։ Բաժնի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել էին միջադեպի մասնակից անձանց ինքնությունը։ "Շեկո" մականվամբ 30-ամյա տղամարդը, որը Գյումրու բնակիչ է, հայտնաբերվել , ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին բերման էր ենթարկվել ու ձերբակալվել երեկ' դեկտեմբերի 9-ին։ Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։