Մենք էլ ենք ուզում, որ Ամանորը ճոխ անցնի, բայց 750 հազար դոլա՞ր. Թեհմինա Վարդանյան
Այս տարի ունենալու ենք աննախադեպ Ամանոր, որովհետեւ վերջին տարիներին Ամանորի ծախսերը չեն գերազանցել 40-50 մլն դրամը, իսկ այս տարի պետությունը եւ քաղաքապետարանը տրամադրում են մոտ 750 հազար դոլար: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Երեւանի ավագանու արտահերթ նիստում հայտարարեց «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:
Նա հիշեցրեց, որ նախորդ տարի քաղաքապետարանը 75 հազար դոլարով տոնածառ ձեռք բերեց. «Այն ժամանակ արդեն հասարակության մեջ քննարկվեց այդ հարցը:Հիմա ուզում եմ հասկանալ՝ էս ի՞նչ դուխով եք, որ էսքան գումար եք տալիս ամանորյա ծախսերին, շուրջ մեկ մլն դոլար տրամադրում Ամանորյա ծախսերին, երբ ունենք բազմաթիվ չլուծված խնդիրներ:
Պարոն Սարգսյանն ասում է՝ կառուցելու ենք վերգետնյա անցում, որն արժենալու է 44 մլն դրամ: Սա ինչի՞ համար ենք անում: Ի դեպ, 5-ամյա ծրագրից հանել եք վերգետնյա անցումների կառուցումը, ինչը որոշ փողոցներում խիստ անհրաժեշտ է: Ունենք փլվող շենքեր, օրինակ Արզումանյան 10-ը, իսկ մենք 300 մլն դրամից ավելի տալիս ենք, որ Նոր տարվա միջոցառում անե՞նք: Սա իսկապես ամենաթողություն է: Մենք ուզում ենք, որ Ամանորը անցնի ճոխ, բայց 750 հազար դոլա՞ր: Մենք էլի ժպիտով շարունակելու ենք նայել քաղաքացիների աչքերի՞ն»,-հայտարարեց «Լուսյի» անդամը: