Հայաստանում չկա պիրոտեխնիկական միջոցների վաճառքի և օգտագործման վերահսկողություն. փորձագետ
Հայաստանում չկա պիրոտեխնիկական միջոցների վաճառքի եւ օգտագործման վերահսկողություն, թեեւ դրանով պետք է զբաղվեն տեսչական մարմինները։ Այս մասին դեկտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը։
Նրա խոսքով՝ այդ մարմինները պետք է ոչ միայն հետեւեն տնտեսվարող սուբյեկտների գործունեությանը, այլեւ զբաղվեն խախտումների եւ միջադեպերի կանխմամբ։
«Յուրաքանչյուր ապրանքի վրա, որը կարող է սպառնալիք ներկայացնել երեխաների համար, պետք է տարիքային սահմանափակման մասին նշում լինի։ Բացի այդ, մակնշումը պետք է լինի նաեւ հայերեն։ Եթե այդպիսի ապրանքների վրա մակնշումը չի համապատասխանում սահմանված նորմերին, դա կարող է համարվել հանցագործություն։ Փաստը, որ խնդիրը դեռեւս առկա է, տեսչական մարմինների աշխատանքի թերության արդյունք է, որոնք ձեւավորվել են կիսապարտիզանական մեթոդներով»,- նշել է նա։
Պողոսյանը հիշեցրել է այն մասին, որ պիրոտեխնիկական միջոցների վաճառքի եւ օգտագործման խախտումների համար նախատեսված է տուգանք 100-150 հազար դրամի չափով, բայց այն հաստատությունների համար, որտեղ դրանք ավելի հաճախ են կիրառում, դա այնքան էլ մեծ փող չէ։
«Պիրոտեխնիկական միջոցների կիրառումը սահմանափակված է ժամանակային շրջանակներով՝ մինչեւ 23.00-ն։ Բացի այդ, դրանք կարելի է օգտագործել միայն քաղաքի սահմաններից դուրս։ Պահանջների կատարման վերահսկողությունը մտնում է համապատասխան պետական գերատեսչությունների գործառույթների մեջ, որոնք պետք է հետեւեն, հրահանգավորեն համապատասխան հաստատություններում»,- ավելացրել է նա։
Պողոսյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է փոխել նաեւ ոստիկանության աշխատանքի մեթոդները նման դեպքերում։
«Երբ քաղաքացիները զանգահարում են պիրոտեխնիկական միջոցների կիրառման մասին բողոքներով՝ ի պատասխան լսում են խնդրանք՝ նշելու ճշգրիտ հասցեն, թեեւ դա անելը, երբեմն, անհնար է»,- եզրափակել է փորձագետը։