Կանադայի գերագույն դատարանը վճռել է 15 000 դոլար փոխհատուցում վճարել Բելա Կոսոյանին, որը կալանավորվել էր այն բանի համար, որ մետրոյում չէր բռնվել շարժասանդուղքի բազրիքից
Կանադայի գերագույն դատարանը վճռել է 15 000 դոլար փոխհատուցում վճարել Բելա Կոսոյանին, որը կալանավորվել էր այն բանի համար, որ մետրոյում չէր բռնվել շարժասանդուղքի բազրիքից։
FoxNews-ը հայտնում է, որ 2009թ․ Քվեբեկում մետրոյով երթեւեկելիս ոստիկանության սպան կանգնեցրել է նրան, որովհետեւ կինը չէր բռնվել շարժասանդուղքի բազրիքից, երբ պայուսակի մեջ ինչ-որ բան էր փնտրում։ Շարժասանդուղքի կողքին «Զգուշացիր» եւ «Բռնվել բազրիքից» գրառմամբ նշաններ են եղել։
Ոստիկանը խնդրել է նրան հետեւել իրեն, սակայն Բելան հրաժարվել է, «քանի որ չի կարծել, թե ինչ-որ բան այնպես չի արել», ինչպես նաեւ հրաժարվել է անձը հաստատող փաստաթուղթ ցույց տալ։
Արդյունքում Կոսոյանը կալանավորվել է, եւ երբ նրան բաց են թողել, տուգանել են՝ 100 դոլար՝ մետրոյում երթեւեկության կանոնները չպահպանելու եւ 320 դոլար՝ տեսուչի պահանջները չկատարելու համար։ 2012թ․ Բելա Կոսոյանն արդարացվել է եւ դատի է տվել Մոնրեալի տրանսպորտային վարչությանն ու ոստիկանության սպային։ 2015թ․ հայցը մերժվել է Քվեբեկի դատարանում, իսկ 2017թ․՝ Քվեբեկի վերաքննիչ դատարանում։
Սակայն գերագույն դատարանը հայտարարել է, որ նշանները մետրոյում նախազգուշական են եւ չեն պարտադրում, սպան էլ ճիշտ չի եղել, երբ կանգնեցրել եւ խուզարկել է նրան օրենքը խախտելու համար, որը չի եղել»։
«Նույնիսկ եթե տիկին Կոսոյանը ճիշտ չի վարվել, նա բազրիքից բռնվելու իրավական պարտավորություն չի ունեցել»,- ասվում է դատավճռի մեջ։
Դատարանը վճռել է, որ Կոսոյանը պետք է 15 000 դոլարի չափով փոխհատուցում ստանա։