Քրդերն ասել են, թե ամերիկյան զինվորականները վերադարձել են Սիրիայի հյուսիս-արեւելք
«Սիրիական դեմոկրատական ուժերի» (SDF, ՍԴՈւ) արաբա-քրդական ջոկատները հայտարարել են, թե ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի զինվորականները վերադարձել են Սիրիայի հյուսիս-արեւելք, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
SDF-ն նոյեմբերի 6-ին հայտարարել էր միջազգային կոալիցիայի զորքերի հետ համագործակցության վերսկսման մասին այն բանից հետո, երբ հոկտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր բոլոր զորքերը Սիրիայից հանելու մտադրության մասին, իսկ հետո որոշել դրանք թողնել՝ նավթավայրերի պաշտպանության պատրվակով։
«Սիրիական դեմոկրատական ուժերը» միջազգային կոալիցիայի հետ համատեղ ավարտել են վերատեղակայումը Ջազիրա շրջանում (Հասեկե, Ղամշլի, Դերիք քաղաքներ) եւ Դեյր էզ Զորում, եւ շարունակում են ԻՊ «քնած օղակների» հայտնաբերման համատեղ աշխատանքը»,- ասվում է ՌԻԱ «Նովոստիի» ստացած հայտարարությունում, որն արել է SDF ներկայացուցիչ Կինո Գաբրիելը։
Հայտարարության համաձայն՝ SDF-ն եւ կոալիցիան «կպաշտպանեն խաղաղ բնակիչներին ահաբեկչական գրոհներից եւ կպաշտպանեն նավթա- եւ գազավայրերը նշված շրջաններում»։
Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը նոյեմբերի 12-ին ասել էր, որ վերջնական որոշումը, թե ԱՄՆ քանի զինծառայող կմնա Սիրիայում, առայժմ ընդունված չէ։ Ավելի վաղ Պենտագոնի Շտաբերի պետերի միավորված կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլին տեղեկացրել էր, որ Սիրիայում կմնան 500-600 ամերիկացի զինծառայողներ։
Թրամփը ԱՄՆ զինվորականների դուրսբերման մասին հայտարարել էր Սիրիայի հյուսիս-արեւելքում քրդական կազմավորումների դեմ Թուրքիայի գործողության ֆոնին։ Վաշինգտոնն ավելի ուշ հայտարարել էր, թե ամերիկյան զինծառայողները կմնան երկրի արեւելքի նավթաբեր շրջաններում եւ կօգնեն տեղի քրդերին՝ վերահսկել դրանք։
ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները 2014-ից Սիրիայում եւ Իրաքում ռազմական գործողություն են իրականացնում ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ, ընդ որում՝ Սիրիայում գործում են առանց երկրի իշխանությունների թույլտվության։ Ավելի վաղ ԱՄՆ-ն արդեն հայտարարել էր «ահաբեկչական խալիֆայության» ոչնչացման մասին, բայց մտադիր է մնալ Սիրիայում, որպեսզի «թույլ չտա դրա վերածնունդը»։