Պուտինը փոխել է ԱՊՀ-ում ապրանքների ծագման երկրի սահմանման կանոնները
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է ԱՊՀ-ում ապրանքների ծագման երկրի սահմանման կանոնների մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության վավերացումը: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության կայքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն այդ արձանագրությունը ստորագրել է մայիսի 31-ին Աշխաբադում ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ:
Նշվում է, որ հիմնական փոփոխությունները տեխնիկական բնույթ են կրում եւ կապ ունեն 2017 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտած ԱՊՀ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի նոր խմբագրման հետ: Այդ փոփոխությունները վերաբերում են սննդամթերքին, շինանյութին, քիմիական արտադրանքին, սարքավորումներին, էլեկտրոնիկային եւ այլն:
Բացի այդ, արձանագրությամբ փոփոխություններ են մտցվում արտադրական եւ տեխնոլոգիական օպերացիաների պայմանների ցանկում: Նշված ցանկը հաստատվել է 2009 թվականի նոյեմբերի 29-ին ԱՊՀ-ում ապրանքների ծագման երկրի սահմանման կանոնների մասին համաձայնագրով: