Գիտնականները Եղիսաբեթ I թագուհու կողմից արված հազվագյուտ ձեռագիր թարգմանություն են հայտնաբերել
Լամբետյան պալատում (Քենթերբերիի արքեպիսկոպոսի լոնդոնյան առանձնատունը) պահպանված Հին Հռոմի ժամանակների Տակիտոսի «Տարեգրության» պատմական ձեռագիր թարգմանությունը, պարզվում է, գրվել է անգլիայի թագուհի Եղիսաբեթ I-ի կողմից։ Ձեռագրի մանրամասն ուսումնասիրությունից հետո այսպիսի եզրահանգման է եկել Արեւելյան Անգլիայի համալսարանի պատմաբան Ջոն Մարկ Փիլոնը, գրում է Planet Today-ը։
Այս եզրահանգման հիմք է հանդիսացել թագուհու ձեռագիրը, որը բավական ինքնատիպ է եղել։ Գիտնականը հատկապես նշել է M եւ N տառերը հորիզոնական, ինչպես նաեւ E եւ D տառերը թեք գրելը, որը բնորոշ էր թագուհուն։
Հարկ է նշել, որ Եղիսաբեթ I Թյուդորը Անգլիայում կառավարել է 1559-1603թթ․, եւ նրա թագավորության ժամանակաշրջանը բնութագրվում է ոչ միայն տնտեսական եւ քաղաքական ազդեցությամբ, այլեւ անգլիական մշակույթի եւ գիտության ծաղկմամբ։ Պատմաբանների կարծիքով՝ դա հիմնականում կապված է եղել այն բանի հետ, որ գիտնականներին եւ արվեստի տարբեր ոլորտների ներկայացուցիչներին թագուհին անձամբ էր սատարում։ Նա ակտիվորեն մասնակցում էր աշխարհիկ կյանքին եւ հովանավորում XVI դարի այնպիսի հայտնի մարդկանց, ինչպիսին էին Ուիլյամ Շեքսպիրը, Ջոն Դին, Ֆրենսիս Բեկոն։
Պատմաբան եւ լեզվաբան Ջոն Մարկ Փիլոնը, ուսումնասիրելով Բրիտանիայի վանքերի ու պալատների գրադարաններում դարերով պահպանվող ձեռագրերը, հայտնաբերել է նաեւ այդ թարգմանությունը, որի հեղինակն անհայտ էր։ Սկզբնապես հետաքրքրվելով նրանով, թե ինչպես եւ երբ են Անգլիայում սկսել տարածվել Տակիտոսի գործերը՝ նա չէր կարող ուշադրություն չդարձնել այդ նախկինում չուսումնասիրված աշխատության վրա։ Հայտնի է, որ հին հույն պատմաբանի աշխատանքները ճանաչում են ստացել հենց XVI-XVII դարերում, իսկ մինչ այդ Եվրոպայում դրանց մասին չեն էլ իմացել։ Ինչ վերաբերում է հենց այս աշխատությանը, պատմաբանը ուշադրություն է դարձրել թղթին, չէ՞ որ հենց այդպիսի թուղթ էր լայնորեն օգտագործվում Եղիսաբեթ I-ի գրասենյակում։ Մասնավորապես, դրա վրա կայիննշաններ՝ GB սկզբնատառերով, արբալետի նշանով եւ առյուծների նկարներով՝ նման նրանց, որոնց վրա արձակվում էին թագուհու հրամանները կամ իրականացվում էր նրա անձնական նամակագրությունը։