Ոսկեվազում մեքենա փախցրած տղամարդը վթարի է ենթարկվել. նա բժիշկների հսկողության տակ է, եւ ոչ միայն բժիշկների (Տեսանյութ)
Նոյեմբերի 27-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում ստացվեց, որ Ոսկեվազ գյուղի Մաշտոցի փողոցի վարսավիրանոցի դիմացից առեւանգել են մի երիտասարդի «ՎԱԶ 2106»-ը։
Ոստիկանությունից հայտնում են, որ ահազանգին արագ արձագանքած ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները շտապեցին գյուղ մտնող ճանապարհներ, որպեսզի փախցրած մեքենայի ընթացքը կասեցնեն, բայց մեքենան չկար։
Ոստիկանները շուտով տեղեկություններ ստացան, որ մեքենայի ընթացքն արդեն իսկ կասեցվել է․ տղամարդը Ոսկեվազ գյուղի Արագածի փողոցում չի կարողացել կառավարել «06»-ը ու վթարի է ենթարկվել։ «Ժիգուլին» բախվել է բետոնե արգելապատնեշին։
Այն փախցրած 32-ամյա տղամարդը, որը Օշական գյուղի բնակիչ է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի հիվանդանոց, որտեղից էլ Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն։ Նա դեռեւս բժիշկների հսկողության տակ է, եւ ոչ միայն բժիշկների։
Աշտարակի ոստիկանները սպասում են նրա ապաքինմանը։ «Վազ 2106»-ը տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։
Ավելի վաղ հայտնել էինք, որ առեւանգողը նախկինում եղել է դատապարտված եւ վերջերս է համաներմամբ ազատ արձակվել: