Պատգամավորն առաջարկում է մաթեմատիկայի դասագրքերում ավելացնել վարկային գործընթացի շուրջ հարցեր
Ես առաջարկում եմ մաթեմատիկայի դասագրքերում ներառել վարկերի ձեւակերպման մասին հարցեր: Այդ մասին նոյեմբերի 29-ին ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած «Վարկային քաղաքականությունը Հայաստանում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է այդ հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում վարկառուների միայն 33 տոկոսն է ինչ-որ չափով տեղեկացված ֆինանսական գրագիտության տեսանկյունից:
«Ահա ինչումն է խնդիրը: Եւ ես կարծում եմ, որ մենք պետք է նախաձեռնենք այդ խնդրի լուծումը, եւ ես ուրախ կլինեի, որ դպրոցական ծրագրերում կամ որեւէ այլ ձեւաչափով ներառվեր ֆինանսական գրագիտությունը: Ես ուզում եմ, որ մենք ներկայացնենք մաթեմատիկայի դասագրքում խնդիրները վարկեր վերցնելու տոկոսային հարաբերակցության ձեւաչափով, քանի որ այսօր երկրում գրեթե չկա որեւէ մեկը, որ չունենա գործող վարկ, սակայն կան շատ մարդիկ, որոնք չգիտեն, թե ինչպես է ձեւավորվում այդ տոկոսը, եւ ինչի համար են նրանք վճարում»,-պարզաբանել է Թանդիլյանը: