Մադրիդում կլիմայի վերաբերյալ գագաթաժողովին կմասնակցեն 196 երկրների ներկայացուցիչներ
196 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում պետությունների եւ կառավարությունների 50 ղեկավարներ կմասնակցեն COP25 կլիմայի փոփոխության հարցով ՄԱԿ-ի համաժողովին, որը տեղի կունենա Մադրիդում դեկտեմբերի 2-13-ին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Գագաթաժողովը կբացեն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն ու Իսպանիայի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Պեդրո Սանչեսը:
Իսպանիայի մայրաքաղաք կժամանեն Արգենտինայի գործող նախագահ Մաուրիսիո Մակրին եւ Էկվադորի նախագահ Լենին Մորենոն, եվրոպացի 15 վարչապետեր, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելն ու Եվրախորհրդարանի խոսնակ Դավիդ Սասսոլին:
ԱՄՆ-ից, որը պաշտոնապես հայտնել է Փարիզյան համաձայնագրից դուրսբերման մասին, կլինի պատվիրակություն՝ կազմված 16 կոնգրեսականներից եւ սենատորներից՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ղեկավարությամբ:
Բացի այդ, հանդիպմանը ներկա կլինեն Զարգացման եւ տնտեսական համագործակցության կազմակերպության եւ Զարգացման միջամերիկյան բանկի ղեկավարները: