Նապոլեոն Բոնապարտի կիսաճտքավոր կոշիկները կվաճառվեն Փարիզի աճուրդում
Կիսաճտքավոր կոշիկները, որոնք ենթադրաբար պատկանել են ֆրանսիական կայսր Նապոլեոն Բոնապարտին, կվաճառվեն փարիզյան «Դրուո» աճուրդում, հայտնում է Reuters-ը։
Ակնկալվում է, որ պատմական կոշիկների գինը սակարկումների ընթացքում կհասնի 80 000 եվրոյի։
Ինչպես նշել են աճուրդային տանը, 40 չափի կիսաճտքվոր կոշիկները կարել է Մոնմարտրի վրա աշխատող կոշկակար Ժակը։ Կայսեր մահվանից հետո այդ կոշիկները բաժին են ընկել Նապոլեոնի համհարզ, գեներալ Անրի Գասյեն Բարտրանին։
Հետագայում կոշիկները հայտնվել են քանդակագործ Կառլո Մարոշետիի մոտ, որը ստեղծել է ձիու վրա Նապոլեոնի արձանը՝ նախատեսված նրա գերեզմանի համար։
Դրանից հետո քանդակագործի որդին կոշիկները տվել է ֆրանսիացի սենատոր Պոլ Ռուին, որի ընտանիքում էլ մինչ այժմ դրանք պահպանվել են։