Պահանջել ենք, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը իջնի, մեզ մոտենա. ՀԿ նախագահ
Պահանջել ենք, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը իջնի, մեզ մոտենա։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Մեզ բացակա չդնեք» ՀԿ նախագահ Սաթիկ Խլղաթյանը։
Հետագա քայլերի մասին նա չխոսեց․ «Եղանակային անբարենպաստ պայմաններում զոհվածի մայրերին կանգնեցնելն այստեղ․․․ ես մոտենում եմ, զոհվածի՝ տարիքով ծնողներին խնդրում եմ, որ տուն գնան, բայց իրենք չեն գնում, որովհետև ինչ-որ պատասխանի ակնկալիք ունեն»։
Խոսելով վարչապետի օգնական Սուրեն Ղամբարյանի հետ հանդիպման մասին, Խլղաթյանն ասաց, որ հանդիպումը ջերմ մթոնոլորտում է անցել․ «Բայց մենք գիտենք, որ խնդիրը վարչապետի մակարդակով պետք է լուծի, երեկ ենք մեր դիմումի պատասխանը ստացել, որը մեզ վրդովեցրեց։ Պատասխանում հղում է արվում հոգաբարձուների խորհրդին, բայց մենք այդ խորհրդից ոչինչ չենք պահանջում»։
Նա ասաց, որ կառավարությունից երեկ իրենց դիմումի պատասխանն են ստացել, սակայն դժգոհ են․ «Կոնկրետ որևէ պատասխան չի տրվել։ Պատասխանում նշվում է, որ մենք վարչապետի ուշադրության կենտրոնում ենք, բայց փաստացի ստվերում ենք մնում»։
Հիշեցնենք, որ բանակում տարբեր տարիներին տարբեր պատճառներով մահացած զինծառայողների մայրերը կառավարության դիմաց բողոքի ակցիա են անում, պահանջում են իրենց ընտանիքներին փոխհատուցում տրամադրել, ինչպես դա արվել է 2008-ի մարտի 1-ին սպանվածների ընտանիքների դեպքում։