Իսպանիայում ջրի երես են հանել 3 տոննա կոկաինով սուզանավ
Իսպանական Գալիսիայում կալանավորված սուզանավը, որի վրա 3 տոննա կոկաին կար, հասցվել է Ալդան քաղաքի նավահանգիստ ջրի երես հանելու մի քանի փորձից հետո, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով 20 minutos թերթին։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Հարավային Ամերիկայից եկած 20 մետրանոց սուզանավը հայտնաբերվել է գետաբերանում, Կանգաս քաղաքում (Պոնտեվեդրա նահանգ, Գալիսիայի ինքնավար շրջան)։ Անձնակազմի երկու անդամ կալանավորվել է։ Կասկածյալներից մեկը փախուստի է դիմել։ Ոստիկանությունը չի բացառում, որ անձնակազմին հաջողվել է ազատվել բեռան մի մասից։
Սուզանավը հաջողվել է բարձրացնել կեսգիշերին մոտ, երկու մեծ կռունկների օգնությամբ։ Նշվում է, որ տեղափոխման եւ նավը բարձրացնելու իրավիճակը բարդանում էր վատ եղանակային պայմաններով, ինչպես նաեւ նրանով, որ նավը մեծ քաշ ուներ։
Ինչպես տեղեկացնում է La Voz de Galicia թերթը՝ հղում կատարելով քննության տվյալներին, սուզանավը, ենթադրաբար, կառուցվել է Սուրինամում, Գայանայում կամ Բրազիլիայում եւ դեպի Իսպանիա է շարժվել մոտ երեք շաբաթ առաջ։ Ավելի վաղ Pais թերթը տեղեկացրել էր, որ նավը եկել է Կոլումբիայից, կալանավորվածները Էկվադորի քաղաքացիներ են։ Իսկ La Voz de Galicia-ի տվյալներով՝ նավը եկել է Պորտուգալիայից։
Europa Press գործակալության տվյալներով՝ երեքշաբթի Կանգասի դատավորը կարգադրել է ժամանակավորապես կալանավորվածներին ուղարկել բանտ՝ առանց գրավի դիմաց ազատ արձակվելու իրավունքի։ Նրանց ներկայացվել են ապօրինի թմրանյութեր տարածելու մեղադրանքներ։ Երրորդ կասկածյալի որոնումները շարունակվում են։