Լոռու մարզում 3 հոգու ողբերգական ավտովթարից մահացածների ինքնությունը պարզվել է
Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության և նույն վարչության Թումանյանի քննչական բաժնի քննիչները, ոստիկանության Լոռու մարզային վարչության և նույն վարչության Թումանյանի ոստիկանության բաժնի ծառայողները պարզել են նոյեմբերի 25-ին Լոռու մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների և վիրավորի ինքնությունը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Մահացածներն են Վանաձոր քաղաքի բնակիչներ՝ 47-ամյա Արմիկ Պառավյանը, 42-ամյա Համլետ Ջուլհակյանը և 37-ամյա Անուշավան Թութխալյանը։ Վիրավորը, որը սանավիացիայով տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը, Վանաձորի բնակիչ՝ 27-ամյա Արսեն Ջիլավյանն է։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Ջիլավյանը Վանաձորում համարվում է քրեական պատմությունների կիզակետում հայտնված անձնավորություն. Ըստ աղբյուրի՝ վերջերս նա մի խումբ անձանց հետ անհիմն վիճաբանել ու ծեծկռտուք է հրահրել քաղաքում հայտնի «Պեսոկ Դավո» մականվամբ Դավիթ Խաչատրյանի հետ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:50-ի սահմաններում Օձուն-Հագվի ավտոճանապարհին Mercedes ML մակնիշի 85 ZM 005 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեռևս անհայտ հանգամանքներում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 150 մետր գահավիժել անդունդը: Վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել էր, 1 հոգու ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել էին Ալավերդու բժշկական կենտրոն: