Բնակչուհին ահազանգել է, որ երեք անձինք մահակներով մտել են իր տուն, կապկպել են իրեն
Նոյեմբերի 19-ին, ժամը 01.45-ին, ոստիկանության Ապարանի բաժին Արագած գյուղի մի բնակչուհուց ահազանգ էր ստացվել, որ երեք անձինք մահակներով մտել են իր տուն, կապկպել են իրեն, պահանջել գումար եւ ոսկեղեն, այնուհետեւ վերցնելով բանկային քարտերը՝ հեռացել են:
Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ նոյեմբերի 18-ին, ժամը 23.30-ից 24.00-ն ընկած ժամանակահատվածում, դիմակավորված երեք անհայտ անձինք մուտք են գործել հիշյալ կնոջ բնակարան, սպառնալով նրանից հափշտակել են 80.000 դրամ, ոսկյա զարդեր, կենսաթոշակի բանկային քարտ եւ կենցաղային իրեր:
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով, նոյեմբերի 26-ին Երեւան քաղաքի տարբեր վարչական շրջաններից ոստիկանության Աշտարակի բաժին բերման է ենթարկվել 4 անձ, որոնք ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն՝ հարցաքննության: Նրանցից երեքը ձերբակալվել են, մեկը բաց է թողնվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակվածը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է: