Մեքսիկայի ԱԳՆ-ն և Պոմպեոն կքննարկեն Թրամփի պլանները թմրակարտելների մասին
Մեքսիկայի արտաքին գործերի նախարար Մարսելո Էբրարդը եւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կքննարկեն Վաշինգտոնի վարչակազմի պլանները լատինամերիկյան երկրների թմրակարտելները ահաբեկչական խմբավորումներ հայտարարելու մասին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով մեքսիկական ԱԳՆ հայտարարությանը։
«Արտաքին գործերի նախարարը կկապվի իր գործընկեր Մայք Պոմպեոյի հետ, որպեսզի քննարկի այդ հարցը, որը մեծ նշանակություն ունի երկկողմ հարաբերությունների համար»,- նշվում է փաստաթղթում։ Մեքսիկայի իշխանությունները մտադիր են «կարճ ժամկետում» բարձր մակարդակով հանդիպում կազմակերպել՝ իրենց դիրքորոշումը ներկայացնելու եւ ԱՄՆ իշխանությունների տեսակետին ծանոթանալու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի ռադիոհաղորդավար Բիլ Օ՛Ռայլիի հրապարակած հարցազրույցում ասել էր, որ պատրաստ է մեքսիկական թմրակարտելները հայտարարել օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություններ։
Էբրարդն ասել է, որ Մեքսիկան չի հանդուրժի իր ինքնիշխանության խախտում այլ պետությունների կողմից։
«Մեքսիկան երբեք թույլ չի տա որեւէ գործողություն, որը կնշանակեր նրա ազգային ինքնիշխանության խախտում,- գրել է ԱԳՆ ղեկավարը Թվիթերում։- Ես արդեն ԱՄՆ-ին տեղեկացրել եմ այս դիրքորոշման մասին, ինչպես նաեւ այն, որ պատրաստ ենք պայքարել տրանսազգային կազմակերպված հանցավորության դեմ»։
Երկուշաբթի Մեքսիկայի ԱԳՆ ղեկավարն ասել էր, որ Մեխիկոն այս քայլն անհրաժեշտ չի համարում։ Նախարարի խոսքով՝ այն կարող է նշանակել միջամտություն ԱՄՆ-ի կողմից երկրի ներքին գործերին, որը դա «երբեք չի հանդուրժի»։
Այս տարվա հունվար-հոկտեմբերին Մեքսիկայում հանցագործների զոհ է դարձել ավելի քան 29,5 հազար մարդ։ Երկրում բռնության աննախադեպ աճի պատասխանատվությունը զգալի չափով ընկած է թմրամաֆիայի վրա։