Բրիտանիայում կալանավորել են 39 վիետնամցիների զոհվելու գործով կասկածվողին
Բրիտանական ոստիկանությունը երկուշաբթի կալանավորել է եւս մեկ տղամարդու, որը կասկածվում է ոչ միտումնավոր սպանության մեջ՝ 39 վիետնամցիների զոհվելու գործի հետաքննության շրջանակում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Էսեքս կոմսության ոստիկանությանը։
Էսեքսի ոստիկանությունը տեղեկացրել է, որ երկուշաբթի կալանավորվել է 36-ամյա տղամարդ Փուրֆլիթ քաղաքից։
«Տղամարդը Փուրֆլիթից կալանավորվել է այսօր՝ նոյեմբերի 25-ի առավոտյան, Դալսթոնի տանը (Արեւելյան Լոնդոն), ոչ միտումնավոր սպանության, մարդկանց ապօրինի տեղափոխման գործարքի եւ ապօրինի ներգաղթ իրականացնելու կասկածանքով՝ 39 վիետնամցիների զոհվելու գործով մեր հետաքննության շրջանակում»,- ասվում է ոստիկանության հայտարարությունում, որը հրապարակվել է Թվիթերում։
Իրավապահները նաեւ նշել են, որ կասկածյալը ներկայում կալանքի տակ է՝ հարցաքննություն անցկացնելու համար։
Էսեքսի կոմսության ոստիկանությունը հոկտեմբերի 23-ին բեռնատարում հայտնաբերել էր 39 զոհվածի, բեռնատարը Մեծ Բրիտանիա էր եկել Բելգիայից։ Զոհվածներին սկզբում համարել էին Չինաստանի քաղաքացիներ, բայց հետո պարզվեց, որ նրանք վիետնամցիներ էին։ Ոստիկանությունը կալանավորել է մի քանի մարդու, այդ թվում բեռնատարի վարորդին՝ 25-ամյա Մորիս (Մո) Ռոբինսոնին Հյուսիսային Իռլանդիայից։