Հայաստանում օրական 200 պատահար է լինում. Սերգեյ Ղահրամանյան
Մեքենաների թվաքանակի ավելացմանը զուգահեռ ոստիկանական կարգախմբերի թիվը մնում է անփոփոխ: Այս մասին այսօր` նոյեմբերի 23-ին, հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ, «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» ՀԿ ղեկավար Սերգեյ Ղահրամանյանը:
«2006 կամ 2007 թվականից, երբ Ճանապարհային ոստիկանության այս համակարգը ներդրվեց, այն որեւէ փոփոխության չի ենթարկվել: Եթե այն ժամանակ մի կարգախումբն օրինակ հսկում էր 1000 մեքենա, այժմ այդ թիվը շուրջ 10 հազար է»,- ասաց նա:
Նա նաեւ նշեց, որ վարորդները «իմունիտետ» են ձեռք բերել տեսախցիկների նկատմամբ, այսինքն մինչեւ տեսախցիկը դանդաղ են վարում, սակայն տեսախցիկից հետո սկսում են արագ վարել:
«Օրական 200 պատահար է տեղի ունենում եւ դրանց մեծ մասը կրկին Երեւանում, եւ պատահարների թիվը նախորդ տարվա համեմատ աճ է գրանցել 17 տոկոսով: Եվ մեզ մոտ ցավալի մենթալիտետային մյուս մտածելակերպն այն է, որ վարորդներն ասում են՝ թող մեկը գլխիս կանգնի, որ խախտում չանեմ, բայց եթե հասուն մարդը վարորդական իրավունք է ձեռք բերել, ինչի՞ պետք է իր գլխին ինչ-որ մեկը կանգնի, որ ինքը խախտում չանի»,- ասաց նա:
Նրա խոսքով` երթեւեկությանը նաեւ խոչընդոտում են քաղաքաշինական խնդիրները, որոնք ՃՈ-ն իրականում չի կարող կարգավորել:
«Երթեւեկության ոլորտը յուրահատուկ ոլորտ է, ինչին Կառավարությունը քիչ ուշադրություն է դարձնում: Պետք է սկսենք դպրոցից, որպեսզի երեխաները իմանան տարրական երթեւեկության կանոնները: Օրինակ, երեխաները չպետք է նստեն առջեւում, ինչքան էլ որ ծնողներն ասում են, որ կարելի է, կամ երեխային նստեցնում են գիրկը, մեքենա են վարում եւ ծնողները հպարտ-հպարտ լայվ են մտնում»,- ասաց նա` նշելով, որ ոստիկանությունը այդ կրթական ծրագիրը ուղարկել է ԿԳՍՄ նախարարություն, սակայն ոչ մի արձագանք չկա: