ՌԴ-ում հայ նախկին պաշտոնյաների հետախուզման հարցին պետք է մոտենալ իրավական տեսանկյունից. ՌԴ դեսպան (Տեսանյութ)
Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը կարծում է, որ նախկին պաշտոնյաների հետախուզման հարցերին պետք է վերաբերվել ոչ այնքան որպես քաղաքական, որքան որպես իրավաբանական եւ իրավական հարցեր: Նա այս մասին ասաց նոյեմբերի 22-ին լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով Ռուսաստանում հետախուզվող հայ նախկին պաշտոնյաներին վերաբերող հարցին:
Պատասխանելով Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի մասին հարցին, նա կրկնեց, որ կխուսափեր քաղաքական գնահատականներից, առավել եւս, որ գործի բոլոր մանրամասներին չի տիրապետում: «Որքանով տեղյակ եմ, մեր իրավապահ մարմինները այս հարցերով համագործակցում են»,- հավելեց Կոպիրկինը:
Հարցին՝ սա բացասական ազդեցություն չի՞ ունենում երկկողմ հարաբերությունների վրա, նա պարզաբանեց, որ պատրաստ չէ այդ թեմաներով որեւէ քաղաքական մեկնաբանություն տալ:
Նշենք, որ Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ում նկատմամբ 2008 թվականի մարտի 1-ի գործով հետախուզում է հայտարարվել, Ռուսաստանի քաղաքացի է եւ որոշ տեղեկություններով՝ ՌԴ-ում է: Դրանից բացի ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, որը մեղադրվում է փողերի լվացման, առանձնապես խոշոր չափերի յուրացումների եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ, Ռուսաստանում հայտնաբերվել եւ ձերբակալվել է, այնուհետեւ նաեւ կալանավորվել: Ըստ Հայաստանի դատախազության՝ նրա արտահանձնման գործընթացը շարունակվում է: