Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը հետաձգվեց (Տեսանյութ)
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ հետաձգվեց նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի գործի քննությունը։
Դատարանը Երանոսյանի հետ կապված գործի ապացույցների հետազոտություն իրականացրեց։ Նշենք, որ Երանոսյանին վերագրվող գործողությունները տեղի են ունեցել 2018 թվականի ապրիլի 16-ի եւ ապրիլի 22-ի բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ։ Նա չի ընդունում առաջադրված մեղադրանքը եւ հայտարարում է, որ ոստիկանության գործողությունների արդյունքում է հնարավոր եղել ապահովել իշխանության անցնցում փոխանցումը։
Դատական այս նիստին պետք է իրականացվեր տեսաժապավենների ուսումնասիրություն, սակայն հետաձգվեց, քանի որ կար տեխնիկական խնդիր։
Լեւոն Երանոսյանի պաշտպանն էլ խնդրեց դատարանին՝ ապահովել հնարավորինս մեծ չափսի էկրան, որպեսզի նիստի ներկաներին տեսանելի լինի։
Դատարանն էլ նշեց, որ դիմելու են դատական դեպարտամենտին, որպեսզի իրենց ցանկության չափի մոնիտոր բերվի։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2020 թվականի հունվարի 15-ին։
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Լեւոն Երանոսյանը հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից եւ էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաեւ անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ։
Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 309 հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով եւ նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։