«Լեոնիդը համեստ էր, բայց ինչ ասում՝ անում էր». Լեոնիդ Ազգալդյանն այսօր կդառնար 77 տարեկան
Արցախի հերոս, ռազմական գործիչ Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 77-ամյակի առթիվ այսօր՝ նոյեմբերի 22-ին, Մաշտոցի եւ Խորենացի փողոցների խաչմերուկում միջոցառում է կազմակերպվել, որին մասակցեցին նրա մարտական ընկերները, պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:
Նախ Լեոնիդ Ազգալդյանի անվան դպրոցի սաները եւ նրա մարտական ընկերները ծաղկեպսակներ տեղադրեցին, ապա ելույթ ունեցել Լեոնիդ Ազգալդյանի հիմնադրած «Ազատագրական բանակի» ազատամարտիկներից Հովսեփ Հովսեփյանը, Գաբրեիլ Բալայանը:
Վերջինս իր խոսքում նշեց, որ Լեոնիդ Ազգալդյանին եւ Վլադիմիր Բալայանին հետմահու Արցախի հերոս կոչում շնորհելը եւ եւ «Ոսկե արծիվ» շքանշանով պարգեւատրելը սպասված էր. « Ընդամենը մի քանի ամիս առաջ երբ քննարկվում էր Լեոնիդ Ազգալդյանին եւ Վլադիմիր Բալայանին հերոսի կոչում տալու հարցը, պաշտպանության նախարարությունում եւս այդ քննարկումը ծավալվել է: Մենք շատ քիչ ազգային ազատագրական պայքարի կամ ազգային գաղափարախոսության կրողներ կարողացանք հիշել հանձնաժողովում, որոնց կարող ենք համեմատել պարոն Ազգալդյանի եւ պարոն Բալայանի գաղափարախոսությանը, որի կրողն էին նրանք:
Մեծ ուրախությամբ ՊՆ-ի անունից՝ ուզում եմ ողջունել բոլորիս: Իրոք պետք է արձանագրենք, որ ցավոք, դասագրքերում մինչ այսօր ըստ արժանվույն գնահատված չէ այն գաղափարախոսությունը, որի հիմնադիրն ու կրողն են հանդիսացել Բալայանն ու Ազգալդյանը: Մենք նոր ենք արձանագրում դա եւ հուսով եմ, որ դա ունենալու է իր զարգացումը: Այսինքն չի սահմանափակվելու միայն ազգային հերոսի կոչման շնորհմամբ կամ Ոսկե արծիվ շքանշանի տրամադրմամբ:
Ես դպրոցական եմ եղել, երբ պատիվ եմ ունեցել անձամբ ճանաչելու եւ պարոն Բալայանին, եւ Լեոնիդ Ազգալդյանին: Այս օրը հատկանշական է, որ հասարակությունն է նաեւ արձագանքում եւ հասարակական ընկալումը փոխվել է այն անձի նկատմամբ, որը դրա արժանիքն ուներ:
Շնորհավոր տոնդ, հերոս: Մենք բոլորս մեր գլուխները խորնարհում ենք ձեր առջեւ եւ ձեր գաղափարների առջեւ»,-ասաց նա:
Իր հերթին Հովսեփ Հովսեփյանն ասաց. «Լեոնիդը չէր սիրում նշել ծննդյան օրը, համեստ էր, ինքը սիրում էր ընկերների հետ շփվել: Բայց մենք պարտավոր ենք մեծարել այդպիսի մարդկանց: Ինչ ասում էր՝ անում էր: Նա Վարդենիսի շրջանում երեք գաղտնի ճամբար է ստեղծել, որ ազատագրենք Քարվաճառը: Իր մահից հետո մենք շարունակեցինք իր ծրագիրը»:
Նշենք, որ Լեոնիդ Ազգալդյանին ու Վլադիմիր Բալայանին այս տարվա օգոստոսի 31-ին, Արցախի Հանրապետության 28-րդ տարեդարձի կապակցությամբ, հետմահու շնորհվել է Արցախի հերոս կոչում, նրանք պարգեւատրվել են «Ոսկե արծիվ» շքանշանով:
Նշենք, որ այս միջոցառումից հետո Լեոնիդ Ազգալդյանի մարտական ընկերները կայցելեն հերոսի շիրմաքարին, տեղի կունենա հարգանքի եւ խոնարհման արարողություն, իսկ երեկոյան ժամը 19:00-ին Մոսկվա կինոթատրոնում տեղի կունենա հուշ-երեկո: