Գործադիրը հաստատեց Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, որսի քանակների, ձևերի կարգը
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 21-ի նիստում հաստատեց «Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման կարգը»:
Հարցը ներկայացրեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ նշելով, որ նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է Սեւանա լճի՝ռեսուրսի սահմանափակ լինելու, ազգային անվտանգության եւ ռազմավարական նշանակության, էկոլոգիական հավասարակշռության վերականգնման եւ պահպանման գերակայությունն ապահովելու սկզբունքից։ Սեւանա լճի առողջացման եւ ամբողջ էկոհամակարգի պահպանման ու բարելավման գործը կառավարվում է պետական մակարդակով։
Ներկայումս կենդանական աշխարհի օբյեկտների արդյունագործական նպատակներով օգտագործման ոլորտը կարգավորվում է «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական եւ արդյունագործական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման մասին պայմանագրեր կնքելու կարգը հաստատելու մասին» ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով։
Սակայն հաշվի առնելով Սեւանա լճի առանձնահատկությունները կարելի է փաստել, որ գործող իրավական ակտերը լիարժեք չեն կարգավորում Սեւանա լճում ձկան եւ խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաեւ դրանց պաշարների որոշման, ձկան եւ խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձեւերի եւ կազմակերպման գործընթացները։
Նախագծի ընդունմամբ կապահովվի «Սեւանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի գ) կետի պահանջը եւ կկանոնակարգվի գլխավորապեսՍեւանա լճի էկոհամակարգի եւ կենսապաշարի կայուն կառավարման՝ պահպանության, օգտագործման, վերականգնման եւ այլն գործընթացները։