Նեթանյահուն Գանցին առաջարկել է վերսկսել բանակցությունները միասնության կառավարության ստեղծման շուրջ
Իսրայելի վարչապետ, «Լիկուդ» կուսակցության առաջնորդ Բենիամին Նեթանյահուն առաջարկել է «Կախոլ-Լավան» կենտրոնամետ դաշինքի ղեկավար Բենի Գանցին վերսկսել կոալիցիա ստեղծելու մասին բանակցությունները սեպտեմբերի 17-ի ընտրությունների արդյունքների հիման վրա։ Ավելի վաղ կենտրոնամետների ղեկավարը երկրի նախագահ Ռեուվեն Ռիվլինին էր վերադարձրել կառավարության ձեւավորման մանդատը, քանի որ խնդիրը չէր կարողացել լուծել իրեն օրենքով հատկացված 28 օրվա ընթացքում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Ես պատրաստ եմ վերադառնալ բանակցություններին՝ միասնության կառավարություն ստեղծելու նպատակով։ Իսրայելին հարկավոր է միասնության կառավարություն՝ պետության անվտանգությունն ապահովելու համար՝ ի կատարումն ժողովրդի կամքի»,- վարչապետի՝ Գանցին ուղղված բառերը մեջբերում է The Times of Israel թերթը։
Սեպտեմբերի 17-ի ընտրություններից հետո առաջինը կառավարություն ստեղծել փորձեց Նեթանյահուն, բայց դա նրան չհաջողվեց, ինչից հետո վերադարձրեց մանդատը Ռիվլինին իր 28-օրյա ժամկետի ավարտից 2 օր առաջ։ Այժմ, Գանցի անհաջողությունից հետո, նոյեմբերի 21-ից սկսվում է օրենքով նախատեսված 21-օրյա շրջանը, որի ընթացքում Քնեսեթի (խորհրդարանի) 120 պատգամավորից յուրաքանչյուրը կարող է փորձել հավաքել 61 խորհրդարանականի ստորագրություն, որպեսզի հենց նրան նախագահը հանձնարարի կոալիցիա կազմավորել։ Իսրայելի Kan պետական ռադիոն նշում է, որ պատմության մեջ առաջին անգամ է ազգային քաղաքական համակարգը հայտնվել նման վիճակում։
Եթե հավակնորդը, որը կարող է լինել ցանկացած խորհրդարանական, ներառյալ Նեթանյահուն եւ Գանցը, կարողանա հավաքել անհրաժեշտ քանակությամբ ստորագրություններ երեք շաբաթվա ընթացքում, նրան կտրամադրվի 14 օր՝ վերջին անգամ փորձելու ստեղծել կառավարություն սեպտեմբերի 17-ի ընտրությունների արդյունքների հիման վրա։ Եթե այդ փորձը հաջողությամբ չպսակվի կամ ոչ ոք չհավաքի բավականաչափ ստորագրություններ, Քնեսեթը ինքնաբերաբար կցրվի, իսկ Իսրայելում 90 օր հետո առաջին երեքշաբթի օրը (մոտավորապես մարտի 10-ին) տեղի կունենան երկրորդ կրկնակի ընտրությունները. ընտրատեղամասերը կբացվեն 12 ամսվա մեջ երրորդ անգամ։