Իրանի հոգևոր առաջնորդը հայտարարել է երկրում անկարգությունների նկատմամբ հաղթանակի մասին
Իրանի կառավարությունը հաղթանակ է տարել վառելիքի գների բարձրացման մասին նախարարների կաբինետի որոշումից հետո երկրում սկսված անկարգությունների նկատմամբ: Այս մասին հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդ, այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Al Jazeera-ին:
Նրա խոսքով՝ կառավարությունը «հաղթանակ է տարել անկարգությունների նկատմամբ, որոնք հրահրել են արտասահմանցիները»: Խամենեին նշել է, որ իրանցիներին «հաջողվել է հաղթահարել վերջին օրերի դժվարությունները՝ չնայած տնտեսական խնդիրներին»:
«Անկարգությունները, որոնք ուղեկցվեցին բողոքի ակցիաներով, անցկացվել են տարածաշրջանի ռեակցիոն երկրների, ԱՄՆ-ի աջակցությամբ»,- հավելել է նա՝ նշելով, որ «Իրանի ժողովուրդը թույլ չի տվել, որպեսզի երկրի թշնամին օգտվի ստեղծված իրավիճակից»:
Իրանի հոգեւոր առաջնորդը նշել է նաեւ, որ «բենզինի գների բարձրացման որոշումն ինքնաապահովման եւ սոցիալական արդարության հասնելու նպատակ ունի»: