Դասադուլ անող ուսանողները քայլերթ են անցկացրել դեպի ԵՊՀ կենտրոնական մասնաշենք (Տեսանյութ)
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները, որ ի նշան «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրինագծի դեմ բողոքի նոյեմբերի 6-ից դասադուլ էին անցկացնում, այսօր` նոյեմբերի 20-ին հավաքվել էին ֆակուլտետի մասնաշենքում, որտեղից քայլերթ են անցկացրել դեպի ԵՊՀ կենտրոնական մասնաշենք: Նրանք այնտեղ ռեկտորի ԺՊ-ին ու գիտական խորհրդի անդամներին դիմում-նամակներ են փոխանցել, որոնց բովանդակությունը կհրապարակեն ավելի ուշ:
Այնուհետև ուսանողները հայտարարել են, որ 3 օրով կդադարեցնեն դասադուլը: Իրենց դիմումների վերաբերյալ արձագանք ստանալուց հետո դասադուլի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնեն:
Հիշեցնենք, որ վիճահարույց օրինագծով առաջարկվում է «հայոց լեզու», «հայ գրականություն», «հայոց պատմություն» առարկաները բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում դարձնել ոչ պարտադիր: Դասախոսները միացել էին ուսանողների բողոքին, իսկ երկու օր առաջ իրենց բողոքների շուրջ քննարկում ունեցել նախարար Արայիկ Հարությունյանի հետ:
Միաժամանակ ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ ՀՅԴ երիտասարդական միության անդամները շարունակում են նստացույցը նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով: