Լիլի շունը Մեխիկոյի օդանավակայանում Պերուից ուղարկված 100 կիլոգրամ կոկաին է հայտնաբերել
Մեքսիկայի գլխավոր դատախազության կինոլոգիական բաժանմունքի աշխատակիցները Մեխիկոյի միջազգային օդանավակայանում հայտնաբերել եւ առգրավել են կոկաին հիշեցնող հինգ տուփ նյութ՝ 100 կիլոգրամ քաշով, որն ուղարկվել է Լիմայից (Պերու), տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Դատախազության գլխավոր քննչական վարչության եւ Լիլի անունով շան աջակցությամբ, որը վարժեցված է թմրանյութերի հետ աշխատելու համար, դաշնային գերատեսչության աշխատակիցները Մեխիկոյի միջազգային օդանավակայանում հայտնաբերել եւ առգրավել են հինգ տուփ, որոնցից յուրաքանչյուրում կար 20 պարկ՝ 100 կիլոգրամ ընդհանուր քաշով»,- ասված է Մեքսիկայի գլխավոր դատախազության կայքում։
Լիմայից լոգիստիկ օպերատորի կողմից Մեխիկո հասցված տուփերը հանձնվել են ներքին գործերի նախարարությանը՝ ուսումնասիրության եւ հետաքննություն սկսելու համար։
Նոյեմբերի սկզբին Մեքսիկայի պաշտպանության նախարարությունը հաշվետվություն էր ներկայացրել առգրավված թմրանյութերի ոչնչացման մասին տասնյակ նահանգներում։ Ոչնչացված նյութերի ընդհանուր քաշը կազմել է մոտ 15,5 տոննա։
Բռնության ալիքը, որով համակվել է Մեքսիկան վերջին տարիներին, կապված է թմրանյութերի արտադրության եւ փոխադրման, ԱՄՆ կոկաինի տարանցման վերահսկողության համար կարտելների միջեւ ընթացող պայքարի հետ։ 2018-ին Մեքսիկայում սպանությունների ռեկորդային թիվ է գրանցվել. անվտանգության նախարարությունը տեղեկացրել է ավելի քան 33 հազար սպանության մասին (2017-ին՝ 31,2 հազար)։