Թվայնացումը դառնում է առևտրի սահմանամերձ համակարգի բարելավման հաջողության պայման. ՊԵԿ նախագահ
Ապրանքների եւ ծառայությունների մատուցման ռիսկերի կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումները մեր գերատեսչության ուշադրության կենտրոնում են։ Այս իմաստով թվայնացումը դառնում է սահմանամերձ առեւտրի համակարգի բարելավման հաջողության պայման։ Այս մասին նոյեմբերի 18-ին «Սահմանամերձ համագործակցության եւ առեւտրի ընթացակարգերի պարզեցման համար թվային որոշում» միջազգային համաժողովում ասաց Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։
Նա նաեւ ընդգծեց Իրանի եւ Վրաստանի հետ համապատասխան փաստաթղթերի ստորագրման կարեւորությունը, որոնք կարող են հնարավորություն ընձեռել իրականացնելու տեղեկատվության փոխանակում, ինչը կարեւոր է ապրանքների տեղաշարժի թափանցիկության տեսակետից։
Անանյանը նշեց, որ նման երկկողմանի համաձայնագրեր կան նաեւ Եվրասիական տնտեսական միության երկրների հետ՝ թվային տեխնոլոգիաների եւ տեղեկատվության փոխանակման զարգացման ոլորտում։
ՊԵԿ ղեկավարը միաժամանակ շեշտեց «մեկ պատուհանի» սկզբունքի առավելագույն օգտագործման կարեւորությունը, որը Հայաստանում արդեն ներդրված է: «Մշտական զարգացումն անչափ կարեւոր է՝ հաշվի առնելով, որ ինչպես ՊԵԿ-ն, այնպես էլ ընդհանրապես Հայաստանը աշխարհում առաջնորդության են հավակնում շատ ոլորտներում»,- եզրափակեց նա:
Նշենք, որ նոյեմբերի 18-19-ը Երեւանում ընթանում է «Սահմանամերձ համագործակցության եւ առեւտրի ընթացակարգերի պարզեցման համար թվային որոշում» միջազգային համաժողովը, որի շրջանակում Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի եւ Վրաստանի ֆինանսների նախարարության միջեւ ստորագրվել են արձանագրություն նախնական էլեկտրոնային տեղեկության փոխանակման մասին՝ փոխադրամիջոցների եւ ապրանքների միջազգային տեղաշարժի վերաբերյալ, ինչպես նաեւ հուշագիր բեռնված փոխադրամիջոցների էլեկտրոնային կնիքի ներդրման պատրաստակամության մասին։ Դրանից բացի, Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի եւ Իրանի Մաքսային ծառայության միջեւ ստորագրվել է փաստաթուղթ «Նախնական էլեկտրոնային տեղեկատվության համակարգի» տեխնիկական պահանջների մասին։