Քաղաքային իշխանությունը խոստանում է 100 նոր տրոլեյբուս Երևանի համար
Մենք Երեւանում ունենք 850 տրանսպորտային կանգառ, որոնցից 348-ը կանգառասրահներ չունեն, մինչդեռ քաղաքապետարանի 5-ամյա ծրագրով պետք է վերանորոգվի ընդամենը 130 կանգառասրահ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:
«Բազմաթիվ անգամ պարոն Փաշինյանը խոսել է կանգառասրահներից, որ սա ուղղակի խայտառակություն է, որ մարդիկ մնում են անձրեւի տակ»,-ասաց նա՝ հավելելով, որ եթե այդ 130-ն էլ առաջիկա 4 տարում նորոգվեն, առնվազն կանգառների կեսում չեն լինելու կանգառասրահներ:
Նա նաեւ հավելեց, որ հնգամյա ծրագրում Երեւանում ֆուտբոլի մինի դաշտերը ընդամենը 30 հատ են նախատեսված, մինչդեռ Հայկ Մարությանը իր նախընտրական տեսահոլովակում խոստանում էր երեխաներին, որ ունենալու են մինի դաշտեր իրենց բակերում:
Ավագանու ««Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը որպես դրական ներկայացրեց այն, որ 5-ամյա ծրագրում քաղաքային իշխանությունը խոստանում է 100 նոր տրոլեյբուս Երեւան քաղաքին՝ նոր տրանսպորտային ցանցի հետ համատեղ: