Բելառուսական ընդդիմությունը խորհրդարան չի անցել
Բելառուսական ընդդիմության ներկայացուցիչները նոյեմբերի 17-ին տեղի ունեցած Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի ընտրությունների արդյունքներով չեն անցել խորհրդարանի կազմ: Այս մասին վկայում են քվեարկության արդյունքների նախնական տվյալները, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:
ԿԸՀ տվյալներով՝ խորհրդարանի պալատ են ընտրվել Բելառուսական հայրենասիրական կուսակցությունը, Աշխատանքի եւ արդարության հանրապետական կուսակցությունը, Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող պատգամավորները, որոնց անհնար է դասել ընդդիմության թվին: Նոր խորհրդարան են ընտրվել նաեւ «Բելայա Ռուս» հասարակական միավորման ներկայացուցիչները, որոնք աջակցում են երկրի գործող իշխանությունների քաղաքականությունը:
Բելառուսի խորհրդարանի ստորին պալատի ընտրությունները տեղի են ունեցել կիրակի բոլոր ընտրական տարածքներում, այսպիսով՝ ընտրվել են օրենսդիր մարմնի բոլոր 110 պատգամավորները: Խորհրդարանի տեղին հավակնում էին նախապես գրանցված 560 թեկնածուներից 513-ը: Ընտրություններին մասնակցությունը կազմել 77,22 տոկոս՝ 3 տոկոսով գերազանցելով 2016 թվականի խորհրդարանական ընտրությունների մասնակցությունը: Բելառուսում ընդհանուր կա 6,8 մլն-ից ավելի ընտրող: Այս ընտրություններին երկրում հավատարմագրվել էր ավելի քան 1 հազար միջազգային դիտորդ: