6-ամյա որդուն մեքենայի ղեկին նստեցրած մայրը բացատրել է իր արարքը. «Վարում է 4 տարեկանից»
Թաթարստանից բազմազավակ մայր Ագինա Ալթընբաևան սոցցանցում տեսանյութ է տեղադրել, որում 6-ամյա որդին մեքենա է վարում 130 կմ/ժամ արագությամբ:
Այն բանից հետո, երբ կնոջը տեղեկացրել են, որ նա խախտում է կանոնները և երեխաներին մեքենա վարել չի կարելի, նա անպարկեշտ կերպով պատասխանել է, որ այդ ամենն իրեն բացարձակապես չի անհանգստացնում: Իսկ երբ լրագրողներն են դիմել Ալթընբաևային, նա մեկնաբանել է, որ իր երեխան մեքենա է վարում 4 տարեկանից:
«Նա չորս տարեկանից է վարում: Նա այժմ վեց տարեկան է, ես դրանում ոչ մի վատ բան չեմ տեսնում: Եթե դրա համար ճանապարհային ոստիկանության տեսուչներն ինչ-որ բան կասեն՝ սարսափելի չէ»,- «համարձակ» մոր խոսքերը մեջբերում է «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանը:
Կինը նաև նշել է, որ իրեն որևէ տեղ չեն հրավիրել հանգամանքները պարզաբանելու համար: Հայտնի է նաև, որ ավելի վաղ Ալթընբաևան արդեն տուգանվել է 5.300 ռուբլու չափով՝ երեխան գրկին մեքենա վարելու համար: