Սա հնարավորություն է ՍԴ անդամներին՝ արժանապատիվ հեռանալ (Տեսանյութ)
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը դիմել է Արդարադատության նախարարին՝ դատավոր Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջով: Արմեն Դանիելյանն այն դատավորն է, որը բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը և Ռոբերտ Քոչարյանին վերադարձրել է կալանավայր։ Մեկ այլ որոշմամբ՝ դատավոր Դանիելյանը բեկանել է նաև Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու առաջին ատյանի դատարանի որոշումը։
Ըստ պաշտպան Արամ Վարդևանյանի՝ դատավորն այս որոշումները կայացրել է նյութական ու կոպիտ խախտումներով՝ մասնավորապես խախտելով ՄԻԵԴ-ի կոնվենցիայով ամրագրված մարդու արդար դատաքննության իրավունքը։ Այս մեղադրանքներն իրականում որքանո՞վ են հիմնավորված․ «Առաջին լրատվական»-ի հարցին փաստաբան, «Իրավունքի Եվրոպա» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը պատասխանեց․ «Ես դիմումին ծանոթ չեմ ու չեմ կարող գնահատական տալ, բայց հստակ նկատվում է միտում, որ այն դատավորները, որոնք ի նպաստ Քոչարյանի որոշումներ չեն կայացրել, դիտարկվում են որպես ապօրինի ակտեր կայացրած, կողմնակալ։ Իսկ այն դատավորները, որոնք իրենց համար նպաստավոր որոշում են կայացրել, դրանք, բնականաբար, դիտվում են որպես անկախ դատավորներ։ Այսինքն՝ եթե նրանք գործում են անկախ նոր իշխանությունից ու Նիկոլ Փաշինյանից, դա դեռ չի նշանակում, որ նրանք կախված չեն Քոչարյանից։ Այն ակնառու փաստը, որ Ալեքսանդր Ազարյանը, լինելով Քոչարյանի նախկին աշխատակիցը, ինքնաբացարկ չէր հայտնել։ Դա ևս բավական լուրջ հարց էր, որը նրանք այդպես էլ անտեսում էին ու ոչ համոզիչ պարզաբանումներ էին ներկայացնում։ Քանի որ, եթե քո նախկին աշխատակիցը քեզ համար բարենպաստ ակտ է կայացնում, ապա դա ամենևին էլ չի խոսում արդարադատության օբյեկտիվության, անաչառության մասին»։
Իսկ փաստաբան Կարապետ Բադալյանն էլ ասաց․ «Նույն տրամաբանությունը, որով իրենք այս ամբողջ պրոցեսը մեկնաբանում և տարածում են, նաև գործում է այս դեպքում։ Նրանք, ովքեր այս գործով հօգուտ ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի որոշումներ են կայացնում, հռչակվում են որպես անկախ, ազատ դատավորներ, որոնք դիմանում են համակարգի բիրտ ճնշումներին և այլն։ Իսկ այն դատավորները, որոնք այնպիսի որոշումներ են կայացնում, որ իրենց հաճո չէ, կախված դատավորներ են, ազդեցությունների են ենթարկվում ու հնազանդ են իշխանություններին։ Դրանք ընդամենն այս տրամաբանության շրջանակներում կատարվող գործողություններ են, և փորձում են այս միջոցով ճնշում գործադրել այն դատավորների վրա, որոնք ապագայում հնարավոր է իրենց համար ոչ բարենպաստ որոշում կայացնեն։ Սակայն վստահ եմ, որ դա նրանց մոտ չի ստացվելու»։