Խոշոր հրդեհ Արմավիրում. 32 գլուխ խոշոր եղջերավոր անասուն փրկվել է. վնասը կազմում է մոտ 40 մլն դրամ (Տեսանյութ և լուսանկարներ)
Արմավիրի մարզում, այսօր՝ նոյեմբերի 16-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել. ժամը 03:25-ի սահմաններում ահազանգ է ստացվել ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն, որ Արմավիր քաղաքի Սայաթ Նովա փողոցի թիվ 1ա տան հարակից անասնագոմին կից այրվում է պահեստավորված անասնակեր:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, փրկարարները քաղաքացիների օգնությամբ կանխել են կրակի տարածումը, ապա մի քանի ժամ պայքարել կրակի դեմ: Փրկարարները, քաղաքացիներն ու ոստիկանները կարողացել են, վտանգելով իրենց կյանքը, անասնագոմից դուրս բերել 32 գլուխ խշոոր եղջերավոր անասուն:
Հրդեհի հետեւանքով ամբողջովին այրվել է Սաիդ Ուսոյանին պատկանող անասնագոմին հարակից հատվածում պահեստավորված մոտ 6 հազար հակ անասնակեր, իսկ կից ավտոտնակում ամբողջովին այրվել ու մոխրակույտի է վերածվել Lexus GX470 մակնիշի ավտոմեքենան եւ ավտոտնակում եղած ողջ ապրանքները:
Կրակն ամբողջովին մարվել է, սակայն մինչեւ այս պահը հրշեջները դեռ աշխատում են դեպքի վայրում: Ըստ նախնական տեղեկությունների՝ քաղաքացին հրդեհի հետեւանքով կրել է 35-40 մլն դրամի վնաս: