Լեւոն Հայրապետյանը Արցախի հերոս է, եւ, համոզված եմ, պետական այդ բարձր գնահատականը չի ուշանա. Արայիկ Հարությունյան
Արցախի նախագահի թեկնածու, «Ազատ հայրենիք» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանը գտնում է, որ հայ մեծ բարերար, Արցախի Վանք գյուղում ծնված Լեւոն Հայրապետյանը պետք է արժանանա Արցախի հերոսի պետական բարձր կոչման:
Այս հարցին նա անդրադարձել է օրերս Ստեփանակերտում տեղադրված Լեւոն Հայրապետյանի հուշարձանի մասին պատմող ֆեյսբուքյան գրառման մեջ:
«Ստեփանակերտի ամենագողտրիկ վայրում՝ սիրահարների այգում, որը առաջին հերթին խորհրդանշում է արցախյան Մեծ հարսանիքը, Նախագահ Բակո Սահակյանի նախաձեռնությամբ տեղադրվել է հայ մեծանուն բարերար, արցախյան հողի արժանավոր զավակ Լեւոն Հայրապետյանի հիշատակը հավերժացնող հուշարձան, որի հանդիսավոր բացումը կլինի շուտով:
Լեւոն Հայրապետյանի անմնացորդ նվիրումը իր ժողովրդին, հող ու ջրին իսկական հայրենասերի կերպարի լավագույն բնութագրումն է: Նրա մասին կարելի է երկար խոսել, բայց կարելի է նաեւ բազմանշանակ լռել, քանի որ Արցախի զարգացման գործում նրա ունեցած մեծ ավանդը պերճախոս վկայությունն է Հասան-Ջալալյանների տոհմի ժառանգի՝ որպես իսկական հայի ապրած տարիների:
Լեւոն Հայրապետյանը Արցախի հերոս է, եւ, համոզված եմ, պետական այդ բարձր գնահատականը չի ուշանա:
Խոնարհումս ՄԵԾ ՀԱՅԻ պայծառ հիշատակին»,- նշել է Ա. Հարությունյանը: