Իսրայելի ոչնչացում ասելով նկատի է առնվում սիոնիստական ռեժիմի վերացումը. Խամենեի
Իսրայելի ոչնչացում ասելով նկատի է առնվում պարտադրված սիոնիստական ռեժիմի վերացումը եւ ազատվելն այնպիսի հանցագործներից, ինչպիսին է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Այս մասին ասել է Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլա Սեյեդ Ալի Խամենեին, տեղեկացնում է Mehr-ը։
Նրա խոսքով՝ Իսրայելի ոչնչացումը նշանակում է, որ պաղեստինցի ժողովուրդը, ներառյալ մուսուլմանները, քրիստոնյաները եւ հրեաները, պետք է հնարավորություն ունենան որոշելու իրենց ճակատագիրը եւ «ազատվելու այնպիսի ավազակներից, ինչպիսին Նեթանյահուն է»։
«Մեր դիրքորոշումը Պաղեստինի հանդեպ վերջնական է։ Դա չի նշանակում հրեա ժողովրդի ոչնչացում, մենք չենք ցանկանում, որպեսզի նա տուժի։ Դա նշանակում է պարտադրված ռեժիմի եւ պետության ոչնչացում։ Մենք կողմ ենք Պաղեստինի անկախությանը, մենք հակասեմիթականներ չենք։ Հրեաներն ապրում են լիակատար անվտանգության մեջ Իրանում»։
«Իսլամական միասնությունը թշնամի ունի, հատկապես ԱՄՆ կառավարությունը եւ սիոնիստական ռեժիմը։ ԱՄՆ-ը պարզապես Իրանի թշնամին չէ։ Այն ողջ մուսուլմանական աշխարհի թշնամին է»,- նշել է նա։