Երևանում վրաերթից մահացել է Երևանի կայազորի զինդատախազության ավագ դատախազի եղբայրը (Տեսանյութ և լուսանկարներ)
Երևանում, այսօր՝ նոյեմբերի 15-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 02։10-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 26-ամյա Անուշ Ներսիսյանը իր վարած Nissan մակնիշի 36 AT 368 համարանիշի ավտոմեքենայով Մոնթե Մելքոնյան փողոցում՝ թիվ 4 էլեկտրասյան մոտ, վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 38-ամյա Գագիկ Ոսկանյանին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վրաերթի ենթարկվածը Երեւանի 1-03 շտապօգնության ավտոմեքենայով «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել է։
Վարորդին հեռացրել են դեպքի վայրից, քանի որ այնտեղ էին ժամանել մահացածի հարազատները։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը, ով վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, ենթարկվել է բժշկական փորձաքննության. պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է սթափ։
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Ա. Ներսիսյանն աշխատում է «Կովկասյան խոհանոց» թոնրատանը՝ որպես մատուցողուհի, իսկ մահացածը Երևանի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազի եղբայրն էր։