Բոլիվիայի ժամանակավոր նախագահը 11 նոր նախարար է նշանակել
Բոլիվիայի ժամանակավոր նախագահ Ժանին Անյեսը 11 նախարար է նշանակել, որոնք կկազմեն երկրի անցումային կառավարության հիմքը, որը կոչված է անցկացնելու նոր համընդհանուր ընտրություններ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Դա տեխնիկական կառավարություն է, որովհետեւ հիմնական առաքելությունը պետծառայությունների աշխատանքի անհապաղ վերականգնումն է»,- ասել է Անյեսը նշանակումների մասին դեկրետը ստորագրելուց հետո։ Քաղաքական գործչի խոսքերը մեջբերում է Deber պարբերականը։
Նախագահական աշխատակազմի առանցքային պաշտոնն զբաղեցրել է Խերես Խուստինիանո Ատալան՝ Սանտա Քրուսի Քաղաքացիամետ կոմիտեից ընդդիմադիր Լուիս Ֆեռնանդո Կամաչոյի կողմնակիցը։ Կառավարության աշխատակազմը կգլխավորի «Ազգային միաբանության» սենատոր Արթուրո Մուրիլյոն։
Ավելի վաղ Անյեսը հայտարարել էր, որ երկու հիմնական նպատակ ունի՝ չեղարկել դատական որոշումը, որը Մորալեսին թույլ էր տվել հոկտեմբերին առաջադրվել նախագահի պաշտոնում, եւ անցկացնել համընդհանուր ընտրություններ ամենակարճ ժամկետում։
Էվո Մորալեսը Մեքսիկայում մամուլի ասուլիսի ժամանակ ուղղակիորեն չի պատասխանել ընտրությունների մասին հարցին եւ չի բացառել իր մասնակցությունը դրանց։ Նախկին նախագահը եւ նախկին փոխնախագահը ապաստան են ստացել Մեքսիկայում եւ երկրից հեռացել են մեքսիկական ՌՕՈւ ինքնաթիռով։ Լա Պասում Մեքսիկայի դեսպանության տարածքում ապաստան են գտել նաեւ 20 բոլիվիացի պաշտոնյաներ եւ պատգամավորներ, ովքեր անհանգստանում են իրենց անվտանգության համար։
Հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ Մորալեսը հաղթանակ էր տարել արդեն առաջին փուլում, բայց նրա հիմնական մրցակից Կառլոս Մեսան չճանաչեց քվեարկության արդյունքները։ Կիրակի Բոլիվիայի զինված ուժերը Մորալեսին կոչ արեցին թողնել պաշտոնը երկրում կայունության ապահովման համար, ինչից հետո նա հրաժարական տվեց։ Երկրի ամբողջ բարձրագույն ղեկավարությունը հրաժարական տվեց, իշխանությունն ստանձնեց սենատի ընդդիմադիր փոխխոսնակը։