Բեյրութի արվարձանում բողոքի ցույցի մասնակից է սպանվել
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութից հարավ Խալդե քաղաքում գլխին կրակոցով սպանվել է բողոքի ցույցի մասնակից, հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին եւ անվտանգության ոլորտում աղբյուրին: Կրակողը ձերբակալվել է:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ երբ Լիբանանի նախագահ Միշել Աունը ակտիվիստներին կոչ է արել տուն գնալ, ցույցի մասնակիցները երկրի մի քանի հատվածներում, ներառյալ Բեյրութում փակել են ճանապարհները:
Ամբողջ Լիբանանում ցույցերը սկսվել են հոկտեմբերի 17-ին: Փողոցներ է դուրս եկել երկրի բնակչության գրեթե կեսը: Առաջին 2 օրերին զանգվածային անկարգությունները՝ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախումներով ընդգրկել էին Բեյրութի կենտրոնը: Իշխանությունները զինվորականներին եւ ներքին անվտանգության ուժերին կոչ էին արել ուժ չկիրառել եւ ապահովել խաղաղ ցուցարարների անվտանգությունը:
13 օր շարունակ բողոքի խաղաղ ակցիաներին մասնակցել են հարյուր հազարավոր մարդիկ: Ակտիվիստներն, իրենց հերթին, փակել էին երկրի գրեթե բոլոր հիմնական ավտոմայրուղիները: Չէին աշխատում բանկերն ու ուսումնական հաստատությունները: