Մհեր Գրիգորյանը մասնակցել է ՀԸԳՀ վերաբերյալ ԵՄ պատվիրակության հետ համատեղ կազմակերպված միջոցառմանը. (Լուսանկար)
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ՀՀ կառավարության հետ համատեղ կազմակերպված ԵՄ պատվիրակության միջոցառմանը, որի ընթացքում երկու կողմերը Հայաստանի զարգացման գործընկերներին ներկայացրել են միջոցառմանը հրավիրված համաձայնագրի ճանապարհային քարտեզի իրականացման ընթացքն ու ԵՄ աջակցության գործիքները:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը հանդես եկել են ողջույնի խոսքով եւ երկուստեք կարեւորել նման ձեւաչափով միջոցառումների կազմակերպումը: Փոխվարչապետը, շնորհակալություն հայտնելով ԵՄ կողմին աջակցության համար, ներկայացրել է իր նախագահությամբ գործող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներն ու ՀԸԳՀ կիրարկման ընթացքը: ԵՄ դեսպանը ընդգծել է, որ ՀԸԳՀ-ի կիրարկումը կաջակցի Հայաստանի արդիականացմանը եւ բարեփոխումների օրակարգին:
Հանդիպման ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանը մասնակիցներին ամփոփ կերպով ներկայացրել է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրն ու դրա հիմնական նպատակները, անդրադարձել առանձին ուղղություններով իրականացվող բարեփոխումներին եւ այդ գործընթացում այլ գործընկերների աջակցության կարեւորությանը:
ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանո դե լա Ռոսան իր ելույթի ժամանակ խոսել է ԵՄ աջակցության գործիքների մասին եւ ներկայացրել դրանց առանձնահատկությունները:
Ելույթներից հետո խոսնակները պատասխանել են ներկաներին հետաքրքրող հարցերին:
Ամփոփելով միջոցառումը՝ փոխվարչապետը եւս մեկ անգամ կարեւորել է նման ձեւաչափով հանդիպումներն ու համարել սա լավ հարթակ, որը հնարավորություն է ընձեռել ՀԸԳՀ ներքո ներկայացնել տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների օրակարգը: