2018 թվականին ԵՏՄ-ում հայտնաբերվել է կեղծված արտադրանքի 17,3 մլն միավոր. ԵՏՀ նախարար
2018 թվականին Եվրասիական տնտեսական միությունում հայտնաբերվել է կեղծված արտադրանքի 17,3 մլն միավոր, իսկ ընդհանրապես աշխարհում ընթացիկ տարում կեղծված արտադրանքի ծավալը անցել է 500 մլրդ դոլարից: Այս մասին նոյեմբերի 12-ին Երեւանում «Հակակեղծում – 2019» միջազգային համաժողովում ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի տնտեսության եւ ֆինանսական քաղաքականության հարցերով անդամ (նախարար) Թիմուր Ժակսիլիկովը:
Նա նշեց, որ կեղծման այսպիսի ծավալները կարող են լուրջ խոչընդոտ դառնալ եւ բիզնեսի վրա կործանարար ազդեցություն ունենալ: «ԵՏՄ-ում սկսված մակնշման համակարգի ներդրման աշխատանքները կարող են օգնել կեղծիքի դեմ պայքարում: Կարեւոր է նաեւ աշխատել ծրագրային ապահովման, միասնական մաքսային ռեեստրի, ավտոմատացված համակարգերի ստեղծման ուղղությամբ, ինչպես նաեւ համակարգել պետական հսկիչ մարմինների գործունեությունը»,- հավելեց Ժակսիլիկովը:
Նախարաը նշեց, որ սրա հետ մեկտեղ պետք է անդամ երկրների օրենսդրությունը հավասարակշռել՝ խուսափելու համար այնպիսի իրավիճակից, երբ թույլ ներքին օրենսդրական բազայի պատճառով ԵՏՄ անդամ այս կամ այն երկրից մյուս երկիր է ներկրվում կասկածելի արտադրանք: «Կարեւոր է նաեւ համացանցում կեղծիքի դեմ պայքարի շուրջ աշխատանքը, ինչպես նաեւ բնակչության տեղեկացվածության եւ կրթության մակարդակի բարձրացումը»,- պարզաբանեց նա:
Եվրասիական տնտեսական միությունում կեղծված արտադրանքի աճի դինամիկան 2018 թվականին կազմել է 54 տոկոս, ինչը մտահոգող է։ Չկա որևէ ճյուղ, որն առանձնանա իր ծավալով, բայց առավել սուր է՝ հետեւանքների իմաստով, իրավիճակը դեղագործական շուկայում, հատկանշական համարեց ընգծել Թիմուր Ժակսիլիկովը։
Նրա խոսքով՝ կեղծված արտադրանքի աճն աշխարհում ընդհանուր առմամբ սպառնում է պետությունների ուղղակի շահերին, ինչպես նաեւ անմիջականորեն բնակչությանը։ «Կարեւոր է խստացնել մասնակից երկրների վերահսկիչ մարմինների աշխատանքը, ինչպես նաեւ ԵՏՄ-ում ներդնել արտադրանքի մակնշավորման համակարգեր»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ Երեւանում նոյեմբերի 12-13-ը ընթանում է «Հակակեղծում - 2019» 7-րդ միջազգային համաժողովը՝ նվիրված արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառությանը, այդ թվում՝ մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությանը: