2018-ին ԵՏՄ-ում կեղծումների մասնաբաժինը աճել է 54 տոկոսով. ՀՀ էկոնոմիկայի նախարար
2018-ին Եվրասիական տնտեսական միությունում՝ 2017-ի համեմատ, կեղծումների մասնաբաժինը աճել է 54 տոկոսով: Այս մասին նոյեմբերի 12-ին «Հակակեղծում – 2019» VII միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
Նախարարի խոսքով՝ կեղծման խնդիրն անհրաժեշտ է լուծել համակարգային մակարդակով, եւ դրա համար անհրաժեշտ է այն քննարկել միջազգային տնտեսական համագործակցության շրջանակում: «ԵՏՄ-ում կեղծման ռիսկի գոտում են գտնվում թեթեւ արդյունաբերության արտադրանքը, դեղորայքը, օծանելիքը եւ այլն»,- նշել է նախարարը:
Խաչատրյանը նշել է նաեւ ինտելեկտուալ սեփականության իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը:
«Կեղծումների դեմ պայքարն ու ԵՏՄ-ում ինտելեկտուալ սեփականության իրավունքների պաշտպանությունը կիրականացվեն Միության համար առաջնային՝ ապրանքների եւ ծառայությունների թվային հսկողության համակարգի, ինչպես նաեւ մակնշման արդյունավետ համակարգի ներդրման միջոցով»,- եզրափակել է նա: