Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանը, խորհրդակցական սենյակից վերադառնալով, հրապարակեց այսօր նախկին նախագահի փաստաբանների ներկայացրած ինքնաբացարկի մասին միջնորդության վերաբերյալ որոշումը: Դատավորը միջնորդությունը մերժեց՝ այն չհիմնավորված համարելով:
Ավելի վաղ փաստաբան Հովհաննես Խուդոյանը միջնորդել էր դատավորի ինքնաբացարկի մասին՝ այն հիմնավորմամբ, որ դատավորն առաջնորդվում է երկակի ստանդարտներով եւ սուբյեկտիվ վերաբերմունք է դրսեւորում: Փաստաբանը որպես ապացույց նշել էր այն հանգամանքը, որ դատավորը ուրիշ գործերով նման հանգամանքների պարագայում ղեկավարվել է ՄԻԵԴ պրակտիկայով եւ գրավով ազատել, սակայն Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավը համարում է անհնարին:
Նշենք, որ նախկին նախագահի փաստաբանները դատարան էին ներկայացրել մի շարք այլ միջնորդություններ եւս, այդ թվում՝ դատախազ Պետրոս Պետրոսյանի բացարկի մասին՝ նրա կողմից թույլ տրված դատավարական կոպիտ խախումների հիմնավորմամբ:
Դրանից հետո թարգմանչի բացակայության պատճառով դատավորը ընդմիջում հայտարարեց: