Ադրբեջանը ցանկանում է Ղարաբաղը, սակայն առանց մարդկանց. Նիկոլ Փաշինյանը՝ Փարիզյան խաղաղության ֆորումի ժամանակ
Ադրբեջանի առաջնորդները հայտարարում են, թե ցանկանում են, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանի մասը, սակայն հրաժարվում են բանակցություններ վարել Ղարաբաղի ժողովրդի հետ, դա տարօրինակ դիրքորոշում է: Այս մասին Փարիզյան խաղաղության ֆորումի ժամանակ իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը պատմեց անվտանգության խնդիրների եւ ժամանակակից մարտահրավերների մասին, որոնց բախվում է Հայաստանը: Նա նշեց, որ Բաքուն հրաժարվում է Ղարաբաղի հետ բանակցություններից նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով:
«Ադրբեջանի կառավարությունը պնդում է, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի մասը: Շատ տարօրինակ դիրքորոշում է: Անհնար է հասկանալ՝ ինչու է Ադրբեջանի կառավարությունը պատրաստվում Ղարաբաղը ներառել իր տարածքում առանց մարդկանց հետ բանակցությունների: Ադրբեջանի առաջնորդներն ասում են, թե ցանկանում են, որ Ղարաբաղը լինի իրենց երկրի մասը, սակայն հրաժարվում են բանակցություններ վարել ժողովրդի հետ: Ի՞նչ է դա նշանակում: Նրանք ցանկանում են տարածքներ առանց մարդկանց»,- ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանում Ղարաբաղի բնակիչներին չեն կարող անվտանգության որեւէ երաշխիք տրամադրել: Դրա ապացույց է այն, որ հայկական ազգանուն ունեցող ցանկացած մարդու համար արգելված է Ադրբեջան մուտքը: Փաշինյանը մի քանի օրինակ նշեց: Bloomberg գործակալության լրագողը, թուրքական նվագախմբի երաժիշտը, 8-ամյա աղջիկը. նրանց համար արգելվել է Ադրբեջան մուտքը: Նա նաեւ հիշեցրեց վերջին դեպքը, երբ Բաքվում ձերբակալվել էր վարորդը, որն իր մեքենայում հայկական երաժշտություն էր լսել: Ինչպես նաեւ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ կապված միջադեպը. նրա շապիկով երկրապագուին կանգնեցրել էր Բաքվի ոստիկանությունը: