Կարեն Աղամյանը՝ 50 մլն դրամ հափշտակության մասին
«Հայաստանի նկարիչների միության» նախկին նախագահ Կարեն Աղամյանին դեռ ծանուցում չի եկել, եւ ինքը դեռ տեղյակ չէ, թե ինչ չարաշահումների մասին է խոսքը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կարեն Աղամյանը։ Նշենք, որ «Հայաստանի նկարիչների միություն» ՀԿ նախագահը 2019 թվականի սեպտեմբերի 25-ին ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկել միության ֆինանսատնտեսական գործունեության վերլուծության աշխատանքների 2017-2018թթ․ հաշվետությունն այն մասին, որ նշված ժամանակահատվածում թույլ են տրվել մի շարք խախտումներ։
«Իմ շրջապատն ինձ ինչքան որ գիտի՝ չեն կարող հավատալ, որ կարող եմ ինչ-որ չարաշահումներ թույլ տալ։ Անհնար է, որ ես ինչ-որ բան զավթեմ ու դնեմ գրպանս։ Այդ տեսակ մարդ չեմ եւ զարմացած եմ, չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը։ Ես ծանուցագիր դեռեւս չեմ ստացել»,- ասաց Կարեն Աղամյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ դատախազությունից հաղորդել են, որ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության կողմից ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնին հանձնարարվել է այդ կապակցությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստել նյութեր։