Բրազիլիայի նախկին նախագահն ազատության մեջ է
Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու դա Սիլվան ուրբաթ բանտից ազատվել է ավելի քան 18 ամսվա բանտարկությունից հետո, հայտնում է BBC-ն:
Կողմնակիցների բազմությունը ազատված առաջնորդին ողջունել է բուռն ծափահարություններով:
Բանտից դուրս գալով Բրազիլիայի նախկին նախագահը ի նշան հաղթանակի վեր է պարզել բռունցքը:
«Ես չէի կարծում, որ այսօր այստեղ կխոսեմ տղամարդկանց ու կանանց հետ, որոնք 580 օր ինձ ցանկացել են բարի առավոտ, բարի օր կամ բարի գիշեր, չնայած անձրեւին ու շոգին»,- հայտարարել է նա հավաքված բազմությանը:
Բրազիլիայի նախկին նախագահը բանտային պատժաժամկետը կրում էր Կուրտիբեում՝ կոռուպցիայի մեղադրանքով:
74-ամյա դա Սիլվան, որը Բրազիլիայի նախագահն է եղել 2003-2010 թվականներին, համարվում է երկրի ամենախոշոր քաղաքական դեմքերից մեկը: