Հյուսիսային Կորեան Ճապոնիայի վարչապետին «ապուշ» է անվանել
Հյուսիսային Կորեան Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին «ապուշ» է անվանել այն բանից հետո, երբ նա քննադատել է զենքի հյուսիսկորեական վերջին փորձարկումները, տեղեկացնում է AP-ը։
Հյուսիսային Կորեայի ԱԳՆ ներկայացուցիչ Սոն Իլ Հոն Աբեին «ապուշ եւ չարագործ» է անվանել, որը չափազանց սուր է արձագանքել հրթիռային հրետանու փորձարկմանը, «կարծես միջուկային ռումբ է ընկել Ճապոնիայի հողի վրա»։
Հայտարարության մեջ ծաղրվում է Աբեի պատրաստակամությունը՝ հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, եւ նշվում է, որ «անգամ չպետք է երազի, թե կարող է ոտքը դնել Փհենյանի շեմին» Հյուսիսի ինքնապաշտպանության «արդարացի միջոցներից» հետո։
Հյուսիսային Կորեան հայտարաել է, որ անցած շաբաթ համազարկային կրակի «գերմեծ» համակարգի երրորդ թեսթային փորձարկումն է կատարել, թեեւ Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը կարծում է, որ դա բալիստիկ զենք էր։
«Աբեն անկիրթ մարդ է, որը երազում է Ճապոնիան դարձնել ռազմական տերություն, որը չի կարող տարբերել հրթիռային արձակման սարքերն ու հրթիռները։ Նա խելապակաս է, քանի որ կարող է միայն կոպիտ խոսքեր արտաբերել, ինչպիսին են «սադրանքը, խախտումը, առեւանգումը եւ ճնշումը»,- ասվում է հայտարարությունում, որը մեջբերում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը։