Գիտխորհրդի նիստում դնելու եմ ուսման վարձերի բարձրացման հարցը․ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար
Չբարձրացնել ուսման վարձերը եւ խոսել աշխատավարձերի բարձրացման մասին իրատեսական չէ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար ԳԵղամ Գեւորգյանը՝ խոսելով դասախոսների աշխատավարձի մասին։
«Աշխատավարձերը հավերժական թեմա են, ոչ միայն ԵՊՀ-ում, այլ ընդհանրապես։ Այն աշխատավարձը, որ ստանում է մեր պրոֆեսորը, համարժեք չէ իր որակավորմանն ու արած աշխատանքին։ Աշխատավարձը կարող է առաջանալ ուսման վարձերից, այլ աղբյուր չկա։ Եթե խոսենք այլ ծախսերի կրճատման մասին, դա էական գումար չի բերի, չնայած ձգտելու ենք այլ ծախսերի կրաճատմանը»,-նշեց նա։
Գեւորգյանը շեշտում է՝ եթե պետությունը պետք է վճարի վարձերը, ապա տեղերի քանակը պետք է հստակ սահմանված լինի․ «Չբարձրացնել ուսման վարձերը եւ խոսել աշխատավարձերի բարձրացման մասին իրատեսական չէ։ Կա մյուս կողմը՝ ժողովրդի ձեռքը փող չկա, ոնց պիտի վճարի։ Եթե ասենք պետությունը պետք է վճարի, ապա տեղերի քանակը պետք է հստակ սահմանված լինի։ Ժողովուրդը սիրով Ամերիկյան համալսարանում վճարում է 1,5-2 միլիոն դրամ, Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղում՝ 1,8 միլիոն, ես հասկանում եմ, որ ԵՊՀ-ն պետական քաղաքականություն տանող բուհ է, անկախ նրանից ֆինանսավորւմն ինչպիսին կլինի, մենք որոշ մասնագիտությունները թեկուզ վնասով պահել, օրինակ՝ երկրաբանություն»։
Նա հայտնեց, որ գիտխորհրդի նիստերից մեկում դնելու է ուսման վարձերի բարձրացման հարցը․ «Ես գիտական խորհրդի նիստին կդնեմ ուսման վարձերի բարձրացման հարցը։
Իմ պլաններով ուսման վարձերը կբարձրանան 15 տոկոսով, որի շնորհիվ աշխատավարձերը կբարձրացնենք 10 տոկոսով»։